Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան կիսվել է կարծիքով այն ճնշման մասին, որն իր վրա զգում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն։
«Եթե նա հիանալի հանդիպում է անցկացնում, դա նորմալ է ընկալվում: Եթե վատ կամ միջին խաղ է ցուցադրում, նրան անմիջապես քննադատում են: Երբ դու մեծագույն խաղացող ես, ճնշումը միշտ կա։ Հանդիպումները միշտ էլ շատ են, և պետք է կարողանալ դրանք անցյալում թողնել: Նրան դա հաջողվում է, ահա թե ինչու է նա այդքան շատ գոլեր խփում:
Մբապեի համար ճնշումը սկսվել է դեռ 17 տարեկանից: Եվ որքան մեծանում ենք, այնքան այն ուժեղանում է: Ճնշումը կարող է դրական լինել, և ես կարծում եմ, որ սա հենց այդ դեպքն է: Դուր է գալիս մեզ դա, թե ոչ, նա մեծագույն ֆուտբոլիստ է: Ուստի նա պետք է օգնի թիմին հաղթել»,- Պոգբայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 42 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Այժմ 27-ամյա հարձակվողը գտնվում է Ֆրանսիայի հավաքականի ճամբարում՝ մասնակցելով ԱԱ-2026-ին:
Ազգային ընտրանու առաջին հանդիպումը մրցաշարում կկայանա հունիսի 16-ին. Դիդիե Դեշամի թիմը կմրցի Սենեգալի հավաքականի հետ:
























































