Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջերում ուշագրավ գրառում է կատարել, որն արվել է Հայաստանի ազգային ընտրանու մասնակցությամբ կայացած ընկերական հանդիպման ֆոնին։
Անվանի ֆուտբոլիստը, դիմելով հայրենակիցներին և հիշեցնելով քաղաքացիական պարտքի մասին, հրապարակել է հետևյալ տեքստը.
«Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը։ Կատարե՛ք ձեր ընտրությունը 🇦🇲»։

Հատկանշական է, որ Մխիթարյանի այս կոչն արվեց այն ժամանակ, երբ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նոր էր ավարտվել Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպումը: Հիշեցնենք, որ այդ խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 1:1 հաշվով մարտական ոչ ոքի գրանցեց ղազախների հետ:
Թեև 37-ամյա կիսապաշտպանն ավարտել է ելույթները ազգային թիմի կազմում, նա շարունակում է անտարբեր չմնալ հայրենիքում կատարվող կարևորագույն իրադարձությունների նկատմամբ՝ իր լսարանին հղելով թիրախային և ազդեցիկ ուղերձներ։



























































