Իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո իր առաջիկա ծրագրերի մասին։
Մայիսի 22-ին «քաղաքաբնակները» պաշտոնապես հայտարարեցին, որ 55-ամյա մասնագետը կլքի թիմը 2025/26 մրցաշրջանի ավարտից հետո։ Կիրակի օրը «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի եզրափակիչ՝ 38-րդ տուրում կմրցի «Ասթոն Վիլայի» հետ։ Այս հանդիպումը վերջինը կլինի Գվարդիոլայի համար մանչեսթերյան թիմի ղեկին։
Հայտնի է դարձել նաև, որ պաշտոնը լքելուց հետո իսպանացին կզբաղեցնի City Football Group-ի գլոբալ դեսպանի պաշտոնը։
«Որո՞նք են իմ առաջիկա ծրագրերը։ Հանգիստը։ Ես աշխատանքի հետ կապված նոր ծրագրեր չունեմ, այլապես կմնայի այստեղ։ Ինձ պետք է մի կողմ քաշվել։ Որոշ ժամանակ ես չեմ զբաղվի մարզչական գործունեությամբ։ Սիրով կշարունակեմ մնալ այս ակումբի մի մասը, բայց ոչ որպես մարզիչ։ Ոչ մի որոշում չեմ կայացնելու. պարզապես կլինեմ «Սիթիի» մի մասը և կներկայացնեմ այն»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորել է 2016 թվականին։ Նրա ղեկավարությամբ «քաղաքաբնակները» նվաճել են տպավորիչ 20 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի գավաթը և ԱՊԼ-ի վեց չեմպիոնական տիտղոս։




























































