Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ինչպես հաղորդում է Fichajes-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:
Աղբյուրի տեղեկություններով՝ «քաղաքայինները» պատրաստ են 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել 90 միլիոն եվրո: Նշվում է, որ անգլիական թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան տակտիկական տեսանկյունից Չուամենիին համարում է իդեալական խաղացող։ Թեև մադրիդյան ակումբում բարձր են գնահատում կիսապաշտպանին, տրանսֆերային նման խոշոր առաջարկը կարող է ստիպել «արքայական» ակումբի ղեկավարությանը մտածել ֆրանսիացու վաճառքի շուրջ:
Հիշեցնենք, որ Օրելիեն Չուամենին «Ռեալ» է տեղափոխվել 2022 թվականին ֆրանսիական «Մոնակոյից»՝ 80 միլիոն եվրոյի դիմաց: Նրա գործող պայմանագրի ժամկետը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:


























































