Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի ներկայացուցիչները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ՝ պատասխանելով վերջին շրջանում ֆուտբոլիստի շուրջ ստեղծված բացասական մթնոլորտին և հնչող քննադատություններին։
«Քննադատությունների մի մասը հիմնված է վերականգնողական շրջանի հետ կապված դրվագների չափազանցված մեկնաբանության վրա, մինչդեռ այդ գործընթացը խստորեն վերահսկվում է ակումբի կողմից։
Դա բոլորովին չի արտացոլում իրականությունը, երբ խոսքը վերաբերում է Կիլիանի նվիրվածությանն ու այն ահռելի աշխատանքին, որը նա ամեն օր կատարում է ի շահ թիմի»,- նշված է հայտարարության մեջ, որը մեջբերել է հայտնի ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Մբապեն մարզաբազայում կոնֆլիկտ է ունեցել «Ռեալի» մարզչական շտաբի անդամներից մեկի հետ։ Միջադեպը տեղի է ունեցել «Էլ Կլասիկոյից» առաջ թիմի ներսում աճող լարվածության ֆոնին։ Նշվում էր, որ ֆուտբոլիստը մարզման ժամանակ վիճաբանել է մարզչի հետ՝ իր դժգոհությունը հայտնելով խաղից դուրս վիճակ արձանագրած աշխատակցին։
Իրավիճակն էլ ավելի էր սրվել Մբապեի՝ Իտալիա կատարած վերջին ուղևորությունից հետո, ինչը լրացուցիչ քննադատության ալիք էր բարձրացրել աստղային ֆուտբոլիստի վարքագծի և իմիջի վերաբերյալ։ Շատերը կարծում են, որ ֆրանսիացու գործողություններն ուղղակի չեն արդարացնում «արքայական ակումբի» սպասելիքները։


























































