Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի պահվածքը նոր մկանային վնասվածքի ֆոնին լարվածություն է առաջացրել «արքայական ակումբի» հանդերձարանում։ Այս մասին հայտնում է իսպանական հեղինակավոր El Mundo պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստներն ըմբռնումով էին մոտեցել, երբ նախորդ վնասվածքի ժամանակ ֆրանսիացին ակումբի ֆիզիոթերապևտների ուղեկցությամբ մեկնել էր Փարիզ։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարձակվողի ներկայիս վնասվածքը «չնչին» է, շատ թիմակիցներ չեն հասկանում Մբապեի՝ Իսպանիայի սահմաններից դուրս կատարած նոր ուղևորությունները։
Ընդգծվում է, որ «Ռեալի» մի քանի խաղացողներ տարակուսանք են հայտնել Մբապեի վերջին օրերի գործողությունների կապակցությամբ, հատկապես այն հայտարարությունների ֆոնին, թե նա «ամեն ինչ կանի» մայիսի 10-ին կայանալիք Էլ Կլասիկոյին մասնակցելու համար։
Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել, որ մադրիդցիների հարձակվողն իր ընկերուհու հետ մեկնել է Իտալիա:

























































