Լոնդոնի «Չելսին» և «Արսենալը» հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկի նկատմամբ, որը ձմեռվանից վարձավճարով հանդես է գալիս ֆրանսիական «Լիոնում»։ Սակայն «արքայական ակումբը» տեղեկացրել է լոնդոնյան թիմերին, որ չի դիտարկում 19-ամյա հարձակվողի վաճառքի տարբերակը: Այս մասին հայտնում է TEAMtalk-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալը» սպասում է Էնդրիկի վերադարձին, քանի որ բրազիլացին մտնում է մադրիդցիների՝ հաջորդ մրցաշրջանի ծրագրերի մեջ: Ընդգծվում է, որ հենց ինքը՝ հարձակվողը, «վճռական է տրամադրված մնալ և պայքարել մադրիդյան թիմի հիմնական կազմում իր տեղի համար»։ Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը շարունակում է համոզված մնալ, որ իրենք ձեռք են բերել համաշխարհային ֆուտբոլի լավագույն երիտասարդ խաղացողին։
«Լիոնի» կազմում Էնդրիկը բոլոր մրցաշարերում անցկացրած 18 հանդիպումներում դարձել է 7 գոլի հեղինակ։ Հարձակվողի գործող պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։
























































