Մադրիդի «Ռեալի» երկրպագուները խիստ դժգոհություն են հայտնել թիմի հարձակվող Կիլիան Մբապեի պահվածքից։ Ըստ Le Parisien պարբերականի՝ ֆրանսիացին մրցաշրջանի ամենաթեժ պահին իր հանգիստն է անցկացրել Իտալիայում՝ դերասանուհի Էստեր Էքսպոսիտոյի ընկերակցությամբ։
Մայիսի 1-ին իտալական հեռուստաալիքներից մեկը կադրեր է հրապարակել Կալյարիի ռեստորաններից մեկից, որտեղ երևում է զույգը։ Մադրիդյան ակումբի ֆանատներին վրդովեցրել է այն փաստը, որ ֆուտբոլիստը ժամանակ է անցկացնում Սարդինիայում այն դեպքում, երբ պետք է ապաքինվի վնասվածքից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մեծ է հավանականությունը, որ Մբապեն բաց կթողնի մայիսի 10-ին կայանալիք «Էլ Կլասիկոն» «Բարսելոնայի» դեմ։
Սոցիալական ցանցերում «արքայական ակումբի» երկրպագուները ֆուտբոլիստի պահվածքն անթույլատրելի են որակում՝ նշելով, որ նա «թքած ունի ակումբի վրա»։ Նրանք կոչ են անում Ֆրանսիայի հավաքականի ավագին կենտրոնանալ վնասվածքի բուժման վրա և ավելի զուսպ լինել իր հանրային քայլերում, հատկապես թիմի գրանցած անհաջող արդյունքների ֆոնին։
Հիշեցնենք, որ հարձակվողը ձախ ոտքի ազդրի հետին մակերեսի վնասվածք էր ստացել 2026 թվականի ապրիլի 24-ին՝ Լա Լիգայի շրջանակում կայացած «Բետիսի» դեմ խաղում։ Ինչ վերաբերում է Մբապեի և իսպանական «Էլիտա» սերիալի աստղ Էստեր Էքսպոսիտոյի սիրավեպին, ապա դրա մասին լուրերը շրջանառվում են այս տարվա մարտից։

























































