Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է հեռացվի զբաղեցրած պաշտոնից։
Ինչպես տեղեկացնում է The Touchline-ը, Անգլիայի գավաթի խաղարկությունում կրած սենսացիոն պարտությունից հետո ակումբի ղեկավարության շրջանում Արտետայի նկատմամբ հիասթափությունն ու դժգոհությունն աճում են։ Ակումբի ղեկավարներն անընդունելի են համարում Չեմպիոնշիփը ներկայացնող թիմից կրած պարտությունն ու մրցաշարից դուրս մնալը։
Չնայած այս հանգամանքին՝ «Արսենալը» շարունակում է վստահել իսպանացի մասնագետին, սակայն ղեկավարությունն այժմ անհապաղ տիտղոսներ է պահանջում։ Աղբյուրը նշում է, որ եթե թիմը չնվաճի Պրեմիեր լիգայի կամ Չեմպիոնների լիգայի գավաթը, ընթացիկ մրցաշրջանը կարող է վերջինը դառնալ Արտետայի համար մայրաքաղաքային ակումբում։
Միկել Արտետան լոնդոնյան գրանդը գլխավորում է 2019 թվականից։ Ներկայումս «զինագործները» գլխավորում են Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 31 հանդիպումից հետո իրենց ակտիվում ունենալով 70 միավոր։


























































