«Լիվերպուլի» և Ուելսի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջոն Թոշակը տառապում է դեմենցիայով. այս մասին հայտնել է նրա որդին՝ Քեմերոնը։
Թաիլանդական «Բուրիրամ Յունայթեդ» ակումբում որպես գլխավոր մարզչի օգնական աշխատող Քեմերոն Թոշակը նշել է, որ հայրն ունենում է և՛ «լավ, և՛ վատ օրեր»։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ Թոշակ ավագը մինչ օրս հիշում է տասնամյակներ առաջ կայացած այն հանդիպումների թիմերի կազմերը, որոնց ինքը մասնակցել է։
«Սա սարսափելի հիվանդություն է, և մենք դա տեսնում ենք նրա կարճատև հիշողության օրինակով։ Ես հորս հետ խոսում եմ գրեթե ամեն օր, և եթե մենք շփվում ենք կեսօրին, նա կարող է չհիշել, որ առավոտյան արդեն զրուցել ենք։ Բայց երբ ես նրան հարցնում եմ «Լիվերպուլի» կամ «Ռեալի» ժամանակների մասին, մանրամասներն ապշեցնում են։
Օրերս նա ինձ պատմում էր «Ռեալի» և Արիգո Սակիի «Միլանի» դեմ խաղի մասին, և թե կոնկրետ ինչպես էր վերակառուցել կիսապաշտպանությունը՝ Մարկո վան Բաստենին վնասազերծելու համար: Ես նրա հետ քննարկում եմ մեր աշխատանքը Թաիլանդում, և նա շարունակում է հիանալի խորհուրդներ տալ։ Որպես մարզիչ՝ նա միշտ երկու-երեք քայլ առաջ էր նայում, և դա փոխանցվել է նաև իմ գեներին»,- Քեմերոն Թոշակի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Ջոն Թոշակը 77 տարեկան է։ 1970-ից 1978 թվականներին նա հանդես է եկել «Լիվերպուլում», որի կազմում դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, նվաճել է Եվրոպական չեմպիոնների գավաթը (ներկայիս՝ Չեմպիոնների լիգա) և երկու անգամ՝ ՈւԵՖԱ-ի գավաթը (ներկայիս՝ Եվրոպայի լիգա): Թոշակը խաղացել է նաև «Քարդիֆում» և «Սուոնսիում», իսկ Ուելսի հավաքականի կազմում անցկացրել է 40 հանդիպում:
Որպես մարզիչ՝ նա գլխավորել է Մադրիդի «Ռեալը» (դարձել է Իսպանիայի չեմպիոն), «Ռեալ Սոսիեդադը», «Դեպորտիվոն», պորտուգալական «Սպորտինգը», թուրքական «Բեշիքթաշը», ֆրանսիական «Սենտ-Էտիենը» և այլ ակումբներ: Բացի այդ, Թոշակը գլխավորել է Ուելսի ազգային հավաքականը 1994 թվականին, ինչպես նաև 2004-ից 2010 թվականներին։



























































