Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմինը 40 հազար եվրոյով տուգանել է Լիսաբոնի «Բենֆիկային»։
Պատճառը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի անցումային փուլի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում պորտուգալական ակումբի երկրպագուների ռասիստական վարքագիծն է։ Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին կայացած խաղում «Ռեալը» 1:0 հաշվով հաղթել էր «Բենֆիկային»՝ Վինիսիուս Ժունիորի խփած գոլի շնորհիվ: Բրազիլացին գոլը տոնել էր անկյունային դրոշակի մոտ պարելով, ինչը հարուցել էր տրիբունաների խիստ դժգոհությունը:
Խաղը դադարեցվել էր գրեթե 10 րոպեով՝ Վինիսիուսի և «Բենֆիկայի» կիսապաշտպան Ջանլուկա Պրեստիանիի միջև ծագած բախման պատճառով։ Դրվագի ընթացքում մադրիդցիների ֆուտբոլիստը մրցավարին բողոքել էր ռասիստական վիրավորանքներից:
Արդյունքում ՈՒԵՖԱ-ն որոշել էր որակազրկել Պրեստիանիին պատասխան խաղի համար, որում ևս հաղթել էր «Ռեալը» (2:1):
Այսօր՝ մարտի 25-ին, կազմակերպությունը պաշտոնապես հաստատել է երկրպագուների խտրական և ռասիստական պահվածքի համար սահմանված 40 հազար եվրո տուգանքը:
Բացի այդ, «Բենֆիկան» պատժվել է մարզադաշտի մասնակի՝ 500 նստատեղի պայմանական փակմամբ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հաջորդ տնային խաղում՝ մեկ տարի փորձաշրջանով:
ՈՒԵՖԱ-ն կայացրել է նաև լրացուցիչ որոշումներ.
8,000 եվրո տուգանք՝ լազերային ցուցիչ օգտագործելու համար,
25,000 եվրո տուգանք՝ խաղադաշտ կողմնակի իրեր նետելու համար:
Լիսաբոնյան ակումբի գլխավոր մարզչի օգնական Պեդրու Լուիս Ֆերեյրա Մաչադուն ևս պատժվել է. նա ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել է ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի 1 խաղով:

























































