Միլանի «Ինտերի» պաշտոնական սոցիալական հարթակները շարունակում են առանձնահատուկ ուշադրության արժանացնել հայ երկրպագուներին: Իտալական ակումբի մամուլի ծառայությունը շարունակում է հայատառ գրառումների և Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ դրվագների հրապարակման շարքը։
Այս անգամ «ներաձուրիի» էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ ներկայացված են հայ կիսապաշտպանի տպավորիչ գործողությունները Թուրինի «Յուվենտուսի» դեմ խաղում: Ակումբը հոլովակին կից կրկին հայերենով գրառում է կատարել.
«Մխիթարյան 🆚 Յուվենտուս
Հետևեք մեզ՝ Հայաստանի մասին ավելի շատ բովանդակության համար 🇦🇲»:
Սա «Ինտերի» կողմից վերջին շրջանում արված առաջին նմանատիպ հրապարակումը չէ. ակումբը պարբերաբար ներկայացնում է հայ ֆուտբոլիստի մասնակցությամբ լավագույն դրվագները՝ դրանք հաճախ ուղեկցելով հայկական երաժշտությամբ ու հայերեն տեքստերով։
Հիշեցնենք, որ ինչպես այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, Մխիթարյանը վնասվածք է ստացել։ 37-ամյա խաղացողի մոտ ձախ ազդրի մկանային լարվածություն է ախտորոշվել, ինչի պատճառով հարցականի տակ է նրա մասնակցությունը թիմի առաջիկա խաղերին։


























































