Մադրիդի «Ռեալը» մտադիր է գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վեց նոր ֆուտբոլիստի պայմանագիր կնքել։
Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, խոսքը եզրային և կենտրոնական պաշտպանների, հենակետային կիսապաշտպանի, փլեյմեյքերի, աջ վինգերի և կենտրոնական հարձակվողի մասին է։
«Արքայական ակումբի» տրանսֆերային ծրագրերում արդեն իսկ մի քանի անուն է շրջանառվում։ Գլխավոր թիրախը կիսապաշտպանությունն է. «Ռեալը» փնտրում է այնպիսի փլեյմեյքերի, որը կկարողանա ստանձնել Թոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի դերը։ Այս դիրքում առաջնահերթությունը տրվում է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Վիտինյային։
Բացի նոր ձեռքբերումներից, մադրիդցիների ծրագրերում են նաև երկու վերադարձներ։ «Լիոնում» վարձավճարով հանդես գալուց հետո թիմի հարձակման գիծը կուժեղացնի Էնդրիկը, իսկ Նիկո Պասը կվերադառնա իտալական «Կոմոյից»։
Մադրիդյան ակումբը հույս ունի նաև իրականացնել «Մանչեսթեր Սիթիի» ռմբարկու Էրլինգ Հալանդի տրանսֆերը։ Նշվում է, որ նորվեգացու տեղափոխության շանսերը կմեծանան, եթե Խոսեպ Գվարդիոլան լքի անգլիական թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։


























































