ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ մրցաշրջանի լիգայի փուլի 2-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» Ռումինիայում ոչ-ոքի (1:1) խաղաց «Ունիվերսիտատյա Կրայովայի» հետ։
Խաղից հետո մրցակցի գլխավոր մարզիչ Միրել Ռադոյն ամփոփել է հանդիպումը։
«Մենք գոհ ենք վաստակած միավորից։ Առաջին խաղակեսում մրցակիցը գերիշխում էր, սակայն ընդմիջումից հետո մենք կարողացանք բարելավել մեր խաղը։ Ընդմիջման ժամանակ քննարկված ռազմավարությունը գործեց։ Իմ կարծիքով, հաղթանակը մեզ համար անարդարացի կլիներ, չնայած վերջնամասում մենք ունեինք գոլային հնարավորություններ։
Գոլի դրվագում մենք պարտվեցինք օդային մենամարտում։ Հակառակորդի խաղացողը, ով վերջին 11 գոլերից 9-ը խփել է գլխով, օգտվեց այդ պահից։ Հարվածը հզոր էր, չնայած փոխանցումն այդքան էլ ճշգրիտ չէր, իսկ մեր պաշտպանը մոտ էր։
Թիմում յուրաքանչյուր խաղացող պետք է կատարի իր դերը։ Մենք չունենք մշտական մեկնարկային կազմ, և բոլորը պետք է պայքարեն իրենց տեղի համար։ Էթիմը, օրինակ, կարող էր ավելի արդյունավետ գործել, եթե որոշ դրվագներում փոխանցումներ կատարեր, սակայն հենց նա դարձավ մեր այսօրվա գոլի հեղինակը։ Ինչ վերաբերում է Ռոմանչուկին, նա խնդիրներ ուներ աչքի և այտոսկրի հատվածում», — նշել է Ռադոյը Prima Sport 1-ի հետ զրույցում։


























































