Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 մրցաշրջանի լիգայի փուլի 2-րդ տուրում ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովան» կհյուրընկալի Հայաստանի չեմպիոն «Նոային»:
«Ունիվերսիտատյա Կրայովայի» գլխավոր մարզիչ Միրել Ռադոյը նախախաղային ասուլիսում կիսվել է իր սպասելիքներով.
«Սպասվում է հետաքրքիր պայքար: «Նոան» շատ ուժեղ և կազմակերպված թիմ է, որը տարբերվում է մեր նախկին մրցակիցներից, օրինակ՝ «Ռակուվից»: Նրանք դժվարությամբ են գոլ բաց թողնում, սակայն մենք մեր հանդիպումներում միշտ կարողացել ենք գոլեր խփել: Վստահ եմ, որ մեր երկրպագուների աջակցությամբ կկարողանանք վաստակել առաջին միավորները Կոնֆերենցիաների լիգայում: Մենք ցանկանում ենք ոչ միայն միավորներ վաստակել, այլև ցուցադրել գրավիչ խաղ։
Երկրպագուների աջակցությունը մեզ համար անչափ կարևոր է: Երբ մարզադաշտում 20,000-ից ավելի հանդիսատես է հավաքվում, մենք ստանում ենք լրացուցիչ մոտիվացիա: Հիշում ենք «Բաշաքշեհիրի» հետ պատասխան խաղը, երբ լեփ-լեցուն մարզադաշտում մեր խաղն ու արդյունքը գոհացրին բոլորին: Հուսով եմ՝ այսօր ևս մեր երկրպագուները կլինեն մեր կողքին։
«Նոան» հեշտ վերլուծվող թիմ չէ: Նրանց խաղերը Հայաստանի առաջնությունում դժվար է համեմատել եվրոպական մակարդակի հետ: Նրանք ունեն իրենց խնդիրները, բայց ընդհանուր առմամբ շատ լավ թիմ են։
Օշիման ծանոթ է մեր թիմին և մեր մարզադաշտի մթնոլորտին: Նա, անշուշտ, կարող է արժեքավոր տեղեկություններ փոխանցել «Նոայի» մարզչական շտաբին: Մենք միասին աշխատել ենք, և նա գիտի, թե ինչ եմ պահանջում թիմից՝ անկախ մրցակցից»,- Ռադոյի խոսքն է մեջբերում Gsp.ro-ն։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:



























































