Հունվարին Գեորգի Հարությունյանը «Կրասնոդարից» տեղափոխվեց Հունգարիայի «Պուշկաշ Ակադեմիա»։ 21-ամյա պաշտպանն այդ ժամանակվանից ի վեր անցկացրել է 25 պաշտոնական հանդիպում հունգարական ակումբի կազմում։ Շաբաթ օրը նրան սպասվում է յուրահատուկ մարտահրավեր՝ խաղ Հունգարիայի հավաքականի դեմ, որտեղ նա կհանդիպի իր ակումբակիցներին։ Հունգարական Sportal-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի պաշտպանը կիսվել է իր մտքերով՝ խոսելով առաջիկա խաղի, թիմի ոգու և երազանքների մասին։
— Շաբաթ օրը Հայաստանի հավաքականը կխաղա Հունգարիայի դեմ։ Ինչպե՞ս եք մոտենում այդ խաղին։
— Հուսով եմ՝ մեր հնարավորությունների առավելագույնը կցուցադրենք։ Կպայքարենք մինչև վերջին վայրկյանը։ Քաջալերող է, որ նոր գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ արագ ընդհանուր լեզու գտանք։ Թեև նա դեռ ընդամենը երկու խաղ է անցկացրել, մենք արդեն հասկանում ենք նրա պահանջները։ Ամեն ինչ լավ է ընթանում, և հավատում ենք, որ առաջընթաց կգրանցենք։
— Ինչպես եք հիշում Իռլանդիայի նկատմամբ տարած 2:1 հաշվով հաղթանակը։
— Հիանալի խաղ էր։ Այն ցույց տվեց, որ թիմն ավելի ու ավելի է հարմարվում մարզչի մոտեցումներին։ Բոլորս միասնական ենք և ձգտում ենք նույն նպատակին։
)
— Հաղթանակից հետո տոնակատարություն եղե՞լ է։
— Իհարկե, ուրախ էինք այդ կարևոր հաղթանակի համար, հատկապես երկրպագուների համար։ Բայց մեծ տոնակատարություն չեղավ, քանի որ բոլորը շտապում էին վերադառնալ իրենց ակումբներ։ Այդ խաղն արդեն անցյալում է, և հիմա կենտրոնացած ենք առաջիկա ընտրական հանդիպումների վրա։
— Հունգարիայի ընտրանու մարզիչ Մարկո Ռոսին ասել է, որ Հայաստանը, Իռլանդիան և Հունգարիան հավասար հնարավորություններ ունեն երկրորդ տեղի համար։ Համաձա՞յն եք։
— Այո։ Քչերն էին սպասում, որ կհաղթենք Իռլանդիային, բայց այդ երեք միավորները սրեցին պայքարը։
— Հնարավո՞ր է, որ Հայաստանը զբաղեցնի երկրորդ տեղը և անցնի փլեյ-օֆֆ։
— Հավատում եմ, որ դա հնարավոր է։ Դրա համար էլ կպայքարենք մնացած չորս խաղերում։ Առաջին տեղը դեռ երազանք է, բայց ապագայում այն կարող է իրականություն դառնալ։
)
— 21 տարեկանում 26 խաղ եք անցկացրել հավաքականում։ Կարո՞ղ եք Ձեզ հիմնական խաղացող համարել։
— Չեմ համարձակվում այդպիսի բան ասել։ Երբ առաջին անգամ հրավիրվեցի հավաքական, ժամանակ էր պետք՝ հարմարվելու համար։ 18 տարեկան էի, երբ առաջին խաղս անցկացրի։ Ուրախ եմ, որ ինձ վստահում են, և ամեն անգամ ջանում եմ արդարացնել այդ վստահությունը։ Նպատակս է ամեն օր առաջ գնալ՝ օգնելով ակումբին և հավաքականին։ Հուսով եմ՝ մի օր կդառնամ կարևոր խաղացող։
— Ինչպե՞ս եք գնահատում Հունգարիայի դեմ խաղի բարդությունը։
— Հունգարիայի հավաքականը շատ ուժեղ է։ Նրանց խաղացողները հանդես են գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում, Գերմանիայի Բունդեսլիգայում և Թուրքիայի առաջնությունում։ Կարելի է առանձնացնել Դոմինիկ Սոբոսլային, Ռոլանդ Շալայիին, Վիլի Օրբանին։ Հունգարիայի առաջնությունում խաղացողները, օրինակ՝ Վարգա Բարնաբաշը, նույնպես բարձր մակարդակի է։
— Հաշվի առնելով, որ Վարգան և Շալային որակազրկված են, դա Ձեզ համար թեթևացնո՞ղ հանգամանք է։
— Ափսոսում եմ, քանի որ սիրում եմ մարտահրավերներ և խաղալ ուժեղ հարձակվողների դեմ։ Բայց մեզ համար դա, իհարկե, որոշակի առավելություն է։
— «Պուշկաշ Ակադեմիայից» խաղին պատրաստվում են չորս խաղացողներ՝ Դուք, Շապանոս Պետերը, Զոլտ Նադը և Դանիել Լուկաչը։ Կատակներ եղե՞լ են այդ թեմայով։
— Գրեթե ամեն օր կատակներ են հնչում։ Տղաները ասում են, որ դաշտում չեն խնայի ինձ։ Հիանալի խաղացողներ են, և ես անհամբեր սպասում եմ նրանց հետ հանդիպմանը։
)
— Հնարավո՞ր է Հունգարիայում հաղթել Հունգարիային։
— Ամեն ինչ կանենք դրա համար։ Եթե յուրաքանչյուրս տա իր առավելագույնը, կարող ենք լավ արդյունք ստանալու հույս ունենալ։
— Լուրեր կան, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ հավաքական։ Ի՞նչ կասեք այդ մասին։
— Անկեղծ ասած, ոչինչ չգիտեմ։ Ես կլինեի ամենաերջանիկը, եթե նա վերադառնար։ Նրա խաղով եմ մեծացել՝ դեռ Դորտմունդում խաղալու ժամանակներից։ Նա անկասկած բոլոր ժամանակների լավագույն հայ ֆուտբոլիստն է։
— Ո՞րն է Հայաստանի հավաքականի ամենաուժեղ կողմը։
— Մարտական ոգին։ Մենք պայքարում ենք մինչև վերջ՝ անկախ հանգամանքներից։ Բացի այդ, ունենք ստեղծագործ և վտանգավոր խաղացողներ, հատկապես հարձակման գծում։
— Իսկ Հունգարիայի՞նը։
— Թիմային որակը։ Ես խորապես հարգում եմ նրանց, բայց մենք չենք վախենում։
— «Պուշկաշ Արենայի» մթնոլորտը Ձեզ չի՞ վախեցնում։
— Ընդհակառակը, դա լրացուցիչ մոտիվացիա է։ 60-70 հազար հանդիսականի առաջ խաղալը հաճելի է։ Թեև նրանք մեր կողմից չեն լինի, բայց դա է ֆուտբոլի գեղեցկությունը։ Ինչքան շատ մարդ լինի, այնքան լավ է մթնոլորտը։
— Ի՞նչ մթնոլորտ է տիրում Հայաստանի հավաքականում։
— Բոլորը ոգևորված են և վստահ, որ Բուդապեշտում և հաջորդ խաղերում կտանք մեր ամբողջ ուժը։
— Երազո՞ւմ եք աշխարհի առաջնությանը մասնակցելու մասին։
— Դա յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է։
























































