Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ռուսական «Чемпионат» պարբերականի հետ զրույցում անդրադարձել է կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «Կրասնոդարից» սաուդյան «Ալ-Ահլի» տեղափոխությանը՝ գնահատելով ֆուտբոլիստի ներկայիս վիճակն ու ապագա հեռանկարները։
Մելիքյանն ընդգծել է, որ միջավայրի փոփոխությունն ու նոր մարտահրավերները միայն օգուտ կբերեն խաղացողին։
«Ես շատ ուրախ եմ Էդուարդի համար: Նա մեզ համար առանցքային ֆուտբոլիստ է, հավաքականն առանց նրա նույնիսկ չեմ պատկերացնում։ Շատ եմ անհանգստանում և երկրպագում նրան, որպեսզի ամեն ինչ հարթ ընթանա, չէ՞ որ դրանից են կախված նաև ազգային թիմի արդյունքները: Արդեն իսկ երևում է, որ նա իրեն հիանալի է զգում նոր ակումբում»,- նշել է մարզիչը։
Նա հավելել է, որ տրանսֆերից հետո միայն մեկ անգամ է զանգահարել Սպերցյանին՝ պայմանագիրը ստորագրելու կապակցությամբ շնորհավորելու նպատակով։
Մելիքյանի խոսքով՝ հիմա խաղացողն ունի կարևոր ադապտացիոն շրջան, և նրան պետք չէ շեղել բուն աշխատանքից։
Մարզիչը վստահ է՝ Էդուարդն իսկական պրոֆեսիոնալ է, աշխատասեր և օժտված է հաղթողի հոգեբանությամբ, ուստի անկախ առաջնությունից՝ միշտ առաջ է գնալու։
Խոսելով ֆուտբոլիստի ներուժի մասին՝ Մելիքյանը հույս է հայտնել, որ «Ալ-Ահլին» լավ կամուրջ կդառնա դեպի եվրոպական թոփ-առաջնություններ։
«Սաուդյան Արաբիայից Եվրոպա տեղափոխվելն ավելի իրատեսական ու հեշտ է, քան Ռուսաստանից: Սպերցյանի տարիքը թույլ է տալիս դեռ երկար տարիներ փայլել բարձր մակարդակով։ Նա հատկապես կհամապատասխաներ իտալական ակումբներին, բայց կարող է խաղալ ցանկացած առաջնությունում։
Համոզված եմ՝ նրա նկատմամբ հետաքրքրությունը գնալով միայն կաճի. թող ակումբները պայքարեն նրա համար, նա դրան արժանի է»։
Եզրափակելով խոսքը՝ գլխավոր մարզիչը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի հավաքականի նախկին ավագի հետ.
«Իր բնավորությամբ և պրոֆեսիոնալիզմով Սպերցյանը շատ նման է Հենրիխ Մխիթարյանին՝ նույնքան մարտական է և քրտնաջան աշխատող։ Ուստի հուսով եմ, որ Էդուարդի կարիերայում ևս կլինեն «Ինտերի» և «Մանչեսթեր Յունայթեդի» մակարդակի թիմեր»։

























































