Հայաստանի ազգային հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանն իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց ռուսական «Ակրոնի» կազմում։ Ռուսաստանի գավաթի խաղարկության շրջանակում Տոլյատին ներկայացնող ակումբը մրցում էր Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։
Հայ ֆուտբոլիստը փոխարինման մտավ երկրորդ խաղակեսում՝ խաղադաշտ դուրս գալով 69-րդ րոպեին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0-0 հաշվով։ Հաղթողին պարզելու համար թիմերն իրացրեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որտեղ «Ակրոնն» առավելության հասավ 5-4 հաշվով։ Հատկանշական է, որ Տոլյատիի թիմի չորրորդ հարվածը վստահորեն իրացրեց հենց Հովհաննիսյանը՝ անմիջական մասնակցություն ունենալով իր նոր թիմի հաղթանակի գործում։
«Ակրոնն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում՝ սեպտեմբերի 6-ին ուժերը չափելով «Օրենբուրգի» հետ։
Հիշեցնենք, որ հենց այսօր՝ սեպտեմբերի 1-ին «Ակրոնն» ու Երևանի «Փյունիկը» պաշտոնապես հաստատեցին կենտրոնական կիսապաշտպանի տրանսֆերը։ Ռուսական ակումբը երիտասարդ ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 70 միլիոն ռուբլի՝ նրա հետ կնքելով հինգ տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։



























































