Բուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճեց բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրը այս մրցաշարում։
Օգոստոսի 19-ին կայացած բրոնզե գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանի նկատմամբ։
Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի Ուչիդային, ով վերջում դարձավ փոխչեմպիոն։ Խմբում ոսկե մեդալը նվաճեց ամերիկացի Լյուկ Ստանիշը։
Օգոստոսի 20-ին բրոնզե մեդալի համար պայքարելու են նաև Հայաստանի ներկայացուցիչներ Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Ռազմիկ Եպրեմյանը (86 կգ)։




























































