«Միլանը» սեփական հարկի տակ՝ «Սան Սիրո» (Ջուզեպպե Մեացցա) մարզադաշտում, Իտալիայի գավաթի 1/32 եզրափակիչում 2:0 հաշվով հաղթանակ տարավ Սերիա Բ-ում հանդես եկող «Բարիի» նկատմամբ։ Հանդիպումը սպասարկում էր մրցավար Ալբերտո Արենան։
14-րդ րոպեին հարձակվող Ռաֆայել Լեաուն բացեց խաղի հաշիվը՝ գլխի հարվածով խփելով գոլ՝ պաշտպան Ֆիկայո Տոմորիի փոխանցումից հետո։ Սակայն ընդամենը չորս րոպե անց՝ 18-րդ րոպեին, Լեաուն վնասվածքի պատճառով ստիպված եղավ լքել խաղադաշտը։
Երկրորդ գոլը խփվեց երկրորդ խաղակեսի սկզբում՝ 48-րդ րոպեին։ Վինգեր Կրիստիան Պուլիշիչը կրկնապատկեց «Միլանի» առավելությունը՝ օգտագործելով հարձակվող Սանտիագո Խիմենեսի փոխանցումը։
66-րդ րոպեին տեղի ունեցավ պատմական պահ․ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան, Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Լուկա Մոդրիչը նշեց իր նորամուտը «Միլանի» կազմում։ 39-ամյա ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ՝ փոխարինելով Պուլիշիչին։ Նա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում է միացել «Միլանին»՝ պայմանագիր կնքելով մինչև 2026 թվականի ամառ՝ մեկ տարով երկարաձգման հնարավորությամբ։
Այս հաղթանակի շնորհիվ «Միլանը» դուրս եկավ Իտալիայի գավաթի 1/16 եզրափակիչ, որտեղ կմրցի «Լեչչեի» հետ։ «Բարին» ավարտեց իր ելույթները մրցաշարում։
Գոլերը՝ այստեղ



























































