«Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբան մեկնաբանել է հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ ակումբից հնարավոր հեռանալու մասին լուրերը։ Հայտնի է, որ անգլիական «Սաութհեմփթոնը» ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում Սպերցյանի նկատմամբ և արդեն առաջարկ է ներկայացրել «Կրասնոդարին»։
— Սպերցյանը առաջարկ ունի «Սաութհեմփթոնից»։ Նրա համար դա լավ տարբերակ է՞։
— Ես խոսել եմ նրա հետ այդ թեմայով, բայց վերջնական որոշումը նա պետք է կայացնի։ Վստահ եմ, որ նա կընտրի այնպիսի տարբերակ, որը լավագույնը կլինի իր համար, — ասել է Կորդոբան «Чемпионат»-ի թղթակից Մարիա Կուցուբեևայի հետ զրույցում։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սպերցյանը համաձայնեցրել է պայմանագրի պայմանները «Սաութհեմփթոնի» հետ՝ տարեկան 1,9 միլիոն եվրո աշխատավարձով։ Այդ գումարը կարող է ավելանալ, եթե «սրբերը» դուրս գան Անգլիայի Պրեմիեր լիգա։


























































