«Մեծ սաղավարտի» մրցումների եռակի չեմպիոն և աշխարհի թիվ մեկ ռակետ Յաննիկ Սինները ներկա է 2024/2025 թվականների Իտալիայի գավաթի եզրափակչին՝ «Միլանի» և «Բոլոնիայի» միջև։ Թիմերը խաղում են Հռոմի «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում։
Այս օրերին Սինները մասնակցում է Հռոմում (Իտալիա) ընթացող թենիսի Մասթերսի մրցաշարի։ Նա արդեն հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի նորվեգացի Կասպեր Ռուդի հետ։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին WADA-ն հայտարարեց, որ Սինների հետ համաձայնության է եկել, որի համաձայն նա որակազրկվել է երեք ամսով, իսկ գործակալությունը հետ է վերցրել դոպինգի գործով իր բողոքարկումը։ Իտալացու որակազրկումն ավարտվել է մայիսի սկզբին։ Երեք ամսվա ընթացքում ոչ մի խաղացողի չի հաջողվել նրան դուրս մղել համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականից։