Իտալական ֆուտբոլի երկրպագուների համար հույս է առաջացել, որ նրանք կտեսնեն այդքան մեծ հետաքրքրություն իր շուրջ ծավալած մրցաշրջանի ավարտը:
Իտալիայի ընթացիկ առաջնությունն իր թեժությամբ բացառիկ էր նախորդ տարիների համեմատությամբ: Սկուդետոյի համար պայքարում է միանգամից երեք ակումբ՝ «Յուվենտուսը», «Լացիոն» և «Ինտերը»: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինին հրապարակել է տեսաուղերձ՝ խոսելով ակումբների՝ մարզումներին վերադարձի ու, իհարկե, առաջնության վերսկսման մասին.
«Իտալիայի Ֆուտբոլի առաջնությունը սկսվելու է, ավելի ճիշտ, վերսկսվելու է: Սակայն դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ մասնակիցների առողջության համապատասխան երաշխիքներ ունենանք: Այդ հարցի շուրջ մենք ամենօրյա կապի մեջ ենք Սպորտի ու Առողջապահության հարցերով նախարարների հետ: Այս պահի դրությամբ հավանական է, որ մայիսի վերջ թիմերը կկարողանան դուրս գալ ու վերսկսեն իրենց մարզումները, իսկ դրանից հետո հուսանք, որ կգա ժամանակը նաև առաջնության համար»,-ասել է Գրավինին: