Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը (Աշոցք) Հայաստանի պարադահուկավազքի (LW6) պատմության մեջ առաջին անգամ երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում։
Մելքոնյանը բրոնզե մեդալ է նվաճել 10 կմ դասական ոճ մրցատարածությունում։ Վարկանիշային մրցաշարի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել նաև սպրինտ մրցաձևում, որտեղ հաղթահարելով որակավորման փուլը՝ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։
Ի դեպ, սա Գարիկի նորամուտն էր միջազգային մրցաշարերում, և Հայաստանի՝ պարադահուկավազքում երբևէ վաստակած առաջին մեդալը։
Գարիկը հաջորդիվ կմասնակցի հունվարին Թուրինում կայանալիք XXXII Համաշխարհային ուսանողական ձմեռային մարզական խաղերին, որտեղ ի դեպ, հաշմանդամային սպորտն առաջին անգամ է ընդգրկված լինելու, ինչպես նաև փետրվար-մարտ ամիսներին Նորվեգիայում կայանալիք ՊԱՐԱդահուկավազքի Աշխարհի գավաթին և Աշխարհի առաջնությանը։