Լեսթերի (Անգլիա) «Քինգ Փաուեր» մարզադաշտում ավարտվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր՝ 2024/25 մրցաշրջանի 1-ին տուրի հանդիպումը, որում տեղի համանուն ակումբը ոչ-ոքի խաղաց «Տոտենհեմի» հետ։
Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացել է հյուրերի պաշտպան Պեդրո Պորրոն։ Տանտերերը 58-րդ րոպեին 37-ամյա Ջեյմի Վարդիի ջանքերով կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը՝ 1-1։
Նշենք, որ այս հանդիպումն առաջինն էր «աղվեսների» համար անգլիական ֆուտբոլի էլիտա վերադառնալուց հետո։ Ակումբը նախորդ մրցաշրջանն անցկացրել է Չեմպիոնշիփում։
Նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Լեսթերը» նվաճեց տիտղոս Չեմպիոնշիփում: «Աղվեսները» նախ ժամանակից շուտ երաշխավորեցին իրենց տեղն Անգլիայի Պրեմիեր լիգայում, իսկ հետո նաև դարձան Անգլիայի երկրորդ ուժեղագույն լիգայի չեմպիոններ: «Լեսթերը» 8-րդ անգամ հաղթեց Չեմպիոնշիփը՝ շրջանցելով «Մանչեսթեր Սիթիին», որն այս մրցաշարում ունի 7 տիտղոս։ «Լեսթերի» ամենամեծ նվաճումը, դա Անգլիայի չեմպիոնի տիտղոսն է 2015/16 մրցաշրջանում։ Ակումբը նաև մեկ անգամ հաղթել է Անգլիայի գավաթը, երկու անգամ՝ Սուպերգավաթը, ևս երեք անգամ՝ Լիգայի գավաթը։
Նշենք, որ «Տոտենհեմի» կազմում այսօր պաշտոնական խաղում իրենց նորամուտը նշեցին Դոմինիկ Սոլանկեն, Արչի Գրեյը և Լուկաս Բերգվալը։

























































