Ա Սերիայի առաջին տուրի շրջանակում «Յուվենտուսը» Թուրինում ընդունել էր առաջնության նորեկ «Կոմոյին»։
Հանդիպումն ավարտվեց Տյագու Մոտայի թիմի հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Առաջին խաղակեսում Ա Սերիայում իր նորամուտի խաղում հանդիպման հաշիվը բացեց բելգիացի հարձակվող Մբանգուլան․ նա թուրինյան ակումբի ակադեմիայի սան է։ Խաղակեսի ավարտին «Յուվենտուսի» առավելությունը կրկնապատկեց Թիմոթի Վեան։ Խաղավարտին մոտ Կամբիասոն ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը․ գոլային փոխանցում կատարեց Մբանգալուն։

Ա Սերիայում թուրինյան թիմի կազմում նորամուտը նշեց թիմի ֆրանսիացի նորեկ Կեֆրեն Թյուրամը։ Իսկ ահա 18 տարի առաջ «Յուվենտուսի» կազմում իր վերջին հանդիպումն է անցկացրել Կեֆրենի հայրը՝ լեգենդար Լիլիան Թյուրամը։ Նշենք, որ Կեֆրենի ավագ եղբայրը՝ Մարկուսը, հանդես է գալիս «Ինտերի» կազմում և երկու օր առաջ դուբլ է ձևակերպել «Ջենոայի» հետ խաղում (2-2)։
Այս խաղում «Յուվենտուսի» կազմում Ա Սերիայում իր նորամուտը նշեց ևս մեկ ակումբի սան՝ 21-ամյա իտալացի պաշտպան Սավոնան։ Այսօրվա խաղն առաջին պաշտոնական հանդիպումն էր նաև թիմի նորեկներ՝ դարպասապահ Դի Գրիգորիոյի, պաշտպան Կաբալի և կիսապաշտպան Դուգլաս Լուիսի համար։

«Կոմոն», որը մարզում է Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, նախորդ մրցաշրջանի վերջում զբաղեցրեց Բ Սերիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը և դուրս եկավ Սերիա Ա։ Թիմը վերջին անգամ Ա Սերիայում հանդես էր եկել 2003 թվականին։
























































