«Յուվենտուսում» այս ամառ մեծ փոփոխություններ են սպասվում՝ նոր նախագծի կառուցման շրջանակում: Թիմն ունի նոր գլխավոր մարզիչ՝ Տիագու Մոտան, որը պատրաստվում է ամբողջությամբ նոր խաղաոճ հաղորդել թուրինյան թիմին։
Ակումբն արդեն ձևակերպել է մի շարք տրանսֆերներ․
Դուգլաս Լուիս (Բրազիլիա) — կիսապաշտպան․ տեղափոխվել է «Աստոն Վիլայից»՝ 51,5 մլն եվրոյի դիմաց
Կեֆրեն Թյուրամ (Ֆրանսիա) — կիսապաշտպան․ տեղափոխվել է «Նիցայից»՝ 20,5 մլն եվրոյի դիմաց
Խուան Կաբալ (Կոլումբիա) — պաշտպան․ տեղափոխվել է «Վերոնայից»՝ 12,8 մլն եվրոյի դիմաց
Միկելե դե Գրիգորիո (Իտալիա) — դարպասապահ․ տեղափոխվել է «Մոնցայից»՝ վարձավճարով
Այս տրանսֆերներով թուրինյան ակումբը չի պատրաստվում սահմանափակվել։ Մոտան ցանկանում է ուժեղացնել նաև հարձակման գիծը, ակումբն այժմ դիտարկում է մի շարք վինգերների թեկնածություն։ Բացի այդ, թուրինցիները դիտարկում են նաև ևս մեկական կենտրոնական կիսապաշտպան և պաշտպան ձեռք բերելու տարբերակը։ Կիսապաշտպանությունում ակումբը դիտարկում է Տեոն Կուպմեյներսի տարբերակը «Ատալանտայից», որի տրանսֆերը կարող է արժենալ 50-60 մլն եվրո թուրինցիներին։ Պաշտպանության կենտրոնում Մոտան ցանկանում է տեսնել «Նիցայի» ևս մեկ ֆուտբոլիստի՝ Տոդիբոյին։ Իսկ ահա հարձակման գիծը կարող է համալրել Կարիմ Ադեյեմին «Բորուսիայից»․ ակումբները շարունակում են բանակցություններն այս տեղափոխության շուրջ։

«Յուվենտուսը» ոչ միայն համալրում է թիմի կազմը, այլ նաև բաժանվում այն ֆուտբոլիստներից, որոնք չեն մտնում թիմի գլխավոր մարզչի ծրագրերում․
«Կիեզան և մյուս ֆուտբոլիստները, որոնց չենք ընդգրկել առաջիկա խաղի հայտացուցակում, մեր նախագծի մաս չեն կազմում: Մենք նրանց հասկացրեցինք, որ նրանք պետք է որքան հնարավոր է շուտ նոր ակումբ գտնեն: Որոշումն արդեն կայացված է»,- Մոտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընդհանուր առմամբ թուրինյան ակումբը կարող է լքել մինչև 10 ֆուտբոլիստ։ Այս ցանկում են Վոյցեխ Շչեսնին, Դանիելե Ռուգանին, Արտուր Մելոն, Ուեսթոն Մաքքենին, Ֆեդերիկո Կիեզան, Ֆիլիպ Կոստիչը, Մատիա Դե Շիլյոն, Արկադիուշ Միլիկը և այլք։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ակումբից արդեն հեռացել են մի շարք ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերներից «Յուվենտուսը» վաստակել է ավելի քան 90 մլն եվրո։ Միայն 25,5 մլն եվրո թուրինյան ակումբը վաստակել է Մատիաս Սուլեի տրանսֆերից «Ռոմա», ևս 15 մլն՝ Դեան Հույսենի տեղափոխությունից «Բորնմուտ»։ «Ֆիորենտինան» 13 մլն եվրո է վճարել Մոյզե Քինի, իսկ «Աստոն Վիլան» 14 մլն՝ Իլինգ-Ջունիորի տրանսֆերի համար։
























































