ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներին, որոնք հուլիսի 26-ից օգոստոսի 12-ը Փարիզում կմասնակցեն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հավաքականների գլխավոր և մարզիկների անձնական մարզիչները: Ողջունելով մարզիկներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել նրանց` քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանն ընդառաջ և շնորհակալություն հայտնել կատարած հսկայածավալ աշխատանքի համար:
«Հավատով ենք սպասում ձեր մրցելույթներին: Օլիմպիական խաղերից մեր ակնկալիքները բավական բարձր պետք է լինեն, թեև կանխատեսումներ պետք չէ անել: Ամեն դեպքում այն պնդումները, որ շատ ուժեղ մասնակցություն պետք է ունենանք, կարծում եմ՝ բոլորիս է ոգևորում: Այն, որ մեկնում եք մասնակցելու խաղերին, ցույց է տալիս, թե որքան մեծ աշխատանք եք կատարել և որքան մեծ դժվարություններ եք հաղթահարել: Շնորհավորում եմ մասնակցության այս կարևոր հնարավորության համար: Թե՛ ձեր, թե՛ մարզիչների գործադրած ջանքերն ահռելի են, և պետությունը բարձր է գնահատում դրանք: Սպորտում շատ գործոններ են կարևոր, բայց դուք ունեք պայքարելու ոգի, համառություն և հաստատակամություն»,- Անդրեասյանի խոսքերն է մեջբերում նախարարության կայքը։
«ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ հաղթանակի բերկրանքը, որ մարզիկները բազմիցս պարգևել են, վստահություն և հավատ է տալիս, որ Օլիմպիական խաղերում ևս տեսնելու ենք նրանց լավագույն մրցելույթները. «Բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Պետությունը ձեր կողքին է: Փորձել ենք բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացնել, որպեսզի Օլիմպիական խաղերում ձեր մասնակցությունը լինի արդյունավետ և պատշաճ մակարդակով»»,- ասված է հաղորդագրության մեջ: