ՈւԵՖԱ-ն պայման է դրել կատալոնական «Ժիրոնայի» առջև՝ թիմին Չեմպիոնների լիգայի մրցաշարում ընդունելու համար, որին կատալոնական ակումբը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի։
Ինչպես հայտնում է AS-ը, Ժիրոնան մինչև հունիսի 3-ը պետք է ՈւԵՖԱ-ին ներկայացնի «Մանչեսթեր Սիթիի» հետ «կապերը խզելու» ծրագիրը:
Նշվում է, որ եվրոպական ֆուտբոլի բարձրագույն մարմինը և՛ Ժիրոնային, և՛ «Մանչեսթեր Սիթիին» ուղարկել է փաստաթուղթ՝ ակտիվների վաճառքի լուծման տարբեր տարբերակներով, որպեսզի այդպիսով համապատասխանեն կազմակերպության կանոններին։
Հիշեցնենք, որ ակումբները պատկանում են City Football Group-ին, իսկ ՈՒԵՖԱ-ն արգելում է նույն սեփականատեր ունեցող թիմերին մասնակցել նույն մրցաշարին, ուստի կողմերը բանակցություններ են վարում։ Նշվում է, որ ակումբներին արդեն արգելված է խաղացողներ վաճառել կամ վարձակալել միմյանցից:
























































