Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունը կանցկացվի Հայաստանում և վարկանիշային կլինի Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարվել է հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է՝ առաջին անգամ է, երբ Հայաստանում օլիմպիական մարզաձևից աշխարհի առաջնություն կանցկացվի:
«Միջազգային ֆեդերացիան Հայաստանին է վստահել աշխարհի առաջնության անցկացումը՝ հաշվի առնելով այն փորձը, որը մեր երկիրն ունի Եվրոպայի առաջնության անցկացման արդյունքում: Վերջին տարիներին մենք նմանօրինակ մեծամասշտաբ միջոցառումների անցկացման պատմություն ունենք և մտադիր ենք շարունակել այս ավանդույթը, քանի որ այն լուրջ ազդեցություն ունի մարզական ոլորտի, տնտեսության զարգացման համար, քանի որ ապահովում է Հայաստանի տեսանելիությունը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամեդ Ջալուդն ընդգծել է Երևանում կայանալիք աշխարհի առաջնության կարևորությունը՝ հաշվի առնելով այն, որ մրցաշարը վարկանիշային է լինելու Օլիմպիական խաղերի համար:
«Հայաստանը միջազգային մրցաշարերի անցկացման լավ փորձ է կուտակել: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն էլ դրա վառ ապացույցն է: Վստահ եմ՝ 2027 թվականին ՀՀ կառավարության և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հետ համատեղ կկազմակերպենք լավագույն առաջնությունը: Հայաստանում ծանրամարտն ավանդական մարզաձև է, և ես մաղթում եմ, որ ձեր երկրի դրոշը ծածանվի Փարիզի Օլիմպիական խաղերում: Կարծում եմ՝ հատկապես գերծանր քաշային Վարազդատ Լալայանն ու 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալների համար պայքարելու իրատեսական հնարավորություն կունենան 2024 թ. ամառային Օլիմպիական խաղերում»,- նշել է IWF նախագահ Մուհամեդ Ջալուդը և հույս հայտնել՝ Լոս-Անջելեսում կայանալիք 2028 թ. Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացուցիչներ կունենա նաև ծանրամարտի կանանց մրցումներում: