Բիլբաոյի «Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը կիսվել է իր հույզերով՝ 2023/2024 մրցաշրջանի գավաթը նվաճելուց հետո։
«Բազմիցս երազել եմ այս պահի մասին։ Անցյալ տարի գավաթի կիսաեզրափակչում կարևոր խաղում գոլ խփելու երկու հնարավորություն ունեի, բայց չօգտագործեցի դրանք։ Մենք եզրափակիչ դուրս գալու շեմին էինք։ Բայց հիմա ես շատ ուրախ եմ պատմություն կերտելու և ակումբում իմ անունն ունենալու համար: Այս հաղթանակն առանձնահատուկ է երկրպագուների և իմ ընտանիքի համար։
Ինձ միշտ հանրության աչքում միայն որպես Ինյակիի եղբայր էին ճանաչում, և վերջապես ես այդ ծանրությունը հանում եմ իմ ուսերից և ստեղծում եմ իմ անունը: Եղբայրս գիտի, թե ինչու եմ նրան սիրում։ Բայց կան այլ խաղացողներ, օրինակ՝ Օսկար դե Մարկոսը, ովքեր նույնպես արժանի են ծափահարությունների»,- Ուիլյամսի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ Բիլբաոյի «Ատլետիկը» նվաճել է 2023/2024 մրցաշրջանի Իսպանիայի գավաթը։ Էռնեստո Վալվերդեի թիմը մրցաշարի եզրափակչում 1:1 հաշվով (11մ.՝ 4:2) հաղթել է «Մալյորկային»:
Այս մրցաշրջանում եզրային հարձակվողը բասկերի կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 6 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 50 միլիոն եվրո։