«Բարսելոնայի» 16-ամյա կիսապաշտպան Լամին Յամալը խոսել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ համեմատությունների մասին։
«Դա մամուլի հայեցողությանն է, բայց Լեո Մեսսիի նման երկրորդ ֆուտբոլիստ չի լինի»,- Յամալի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
Յամալը Բարսելոնայի սան է՝ ակադեմիայից հասնելով մինչև հիմնական թիմ: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը իսպանացուն գնահատում է 60 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը անցկացրել է 39 հանդիպում, դարձել 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Մեսսին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 778 հանդիպում, խփել 672 գոլ և կատարել 303 գոլային փոխանցում։ Կատալոնական ակումբի հետ 36-ամյա արգենտինացին 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, յոթ անգամ՝ Իսպանիայի գավաթակիր,8 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթակիր, ինչպես նաև չորս անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի, երեք անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի, երեք անգամ էլ՝ աշխարհի ակումբային առաջնության հաղթող:
























































