Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոբինյոն Բրազիլիայում կձերբակալվի բռնաբարության համար, հայտնում է CNN Brasil-ը։
Ըստ աղբյուրի՝ Արդարադատության բարձրագույն դատարանը քվեարկել է հավանություն տալու իտալական դատարանի՝ Ռոբինյոյի նկատմամբ կայացված դատավճռին՝ պատիժը տեղափոխելով Բրազիլիա։ Նշվում է, որ օտարերկրյա դատավճռի վավերացման միջնորդությունը համապատասխանում էր բոլոր իրավական և դատավարական պահանջներին։ Իտալիայի պատիժը հաստատելու խնդրանքն արվել է այն պատճառով, որ Բրազիլիան չի արտահանձնում իր քաղաքացիներին արտասահմանում պատիժը կրելու համար։
Որոշումը կարող է բողոքարկվել Ռոբինյոյի պաշտպանների կողմից հենց դատարանում և Դաշնային Գերագույն դատարանում։
Հիշեցնենք, որ Ռոբինյոն 2017 թվականին դատապարտվել է ինը տարվա ազատազրկման՝ 2013 թվականին Միլանի գիշերային ակումբում բռնաբարություն կատարելու համար։ Ռոբինյոն և նրա չորս ընկերները, ըստ իտալական արդարադատության, բռնության են ենթարկել երիտասարդ ալբանուհուն, ով այդ օրը նշում էր իր ծննդյան օրը։
























































