Կանանց «Նյուրնբերգ» ակումբն արձագանքել է Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգի՝ իտալական «Սալերնիտանայի» հետ պայմանագիր կնքելուն՝ գրառման տակ հրապարակելով ֆուտբոլիստի նախկին ընկերուհու՝ Կասիա Լենհարդի լուսանակարը, որն ինքնասպան է եղել:
2021 թվականի փետրվարին Կասիա Լենհարդին մահացած են գտել Բեռլինի իր բնակարանում: Ոստիկանությունը հայտնել է, որ մոդելի մահը բռնության արդյունք չի եղել:
Այդ տարվա փետրվարի 4-ին Բոատենգը հայտարարել էր Լենհարդից բաժանվելու մասին այն բանից հետո, երբ աղջիկը վթարի ենթարկեց իր մեքենան: Գերմանացի ֆուտբոլիստը նաև ընկերուհուն մեղադրում էր շանտաժի մեջ և իր ընտանեկան վեճերի պատճառ անվանում: Կասիա Լենհարդը, ի պատասխան, ֆուտբոլիստին մեղադրում էր ստի և դավաճանությունների մեջ:
«Սալերնիտանան» Բոատենգի տեղափոխության մասին հայտարարեց փետրվարի 2-ին: 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: «Սալերնիտանան» Իտալիայի առաջնության 23 տուրից հետո մրցաշարային աղյուսակի վերջին՝ 20-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 13 միավոր:
























































