Լատվիայի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել Ազգերի լիգայի նոր խաղարկությանը, որի մեկնարկային խաղում ուրբաթ օրը Երևանում ուժերը կչափի Հայաստանի հավաքականի հետ:
Առաջիկա հանդիպումներից առաջ Լատվիայի ընտրանու իտալացի գլխավոր մարզիչ Պաոլո Նիկոլատոն մամուլի ասուլիս է տվել՝ խոսելով թիմի հոգեբանական վիճակի, կադրային խնդիրների և Երևան մեկնելու դժվարությունների մասին։
Խոսելով Հայաստանի հավաքականի դեմ արտագնա խաղի նախապատրաստության մասին՝ մասնագետը դժգոհել է ժամանակի սղությունից.
«Բարդ հավաք է լինելու: Թիմին նախապատրաստելու համար մենք կունենանք ընդամենը մեկ լիարժեք, որակյալ մարզում։ Կիրակի ֆուտբոլիստները դեռ խաղում են իրենց ակումբներում, երկուշաբթի ոչինչ չենք կարող անել, երեքշաբթի մասնակի մարզում կլինի, և միայն չորեքշաբթի օրը կկարողանանք նորմալ աշխատել։ Իսկ արդեն հինգշաբթի պետք է մեկնենք Հայաստան, որտեղ ուրբաթ օրը կայանալու է հանդիպումը, ինչին կհաջորդի նոր ճանապարհորդություն»։
Իտալացի մասնագետը չի թաքցրել իր վրդովմունքը թիմի վերջին արդյունքներից և ընդգծել է, որ Երևանում նպատակը միայն հաղթանակն է լինելու.
«Ես շատ եմ կարոտել հաղթանակները: Անկեղծ ասած, ինձ արդեն հոգնեցրել է այս իրավիճակը: Իմ նպատակն է հաղթել, և մենք պետք է ելք գտնենք ցանկացած խաղում դրական արդյունքի հասնելու համար՝ անկախ նրանից, թե ով է մրցակիցը կամ ինչ որակներ ունի նա։ Ես հոգնել եմ պարտություններից և ոչ-ոքիներից, ես ուզում եմ հաղթել: Կարևոր չէ, թե ինչպես, բայց մենք պետք է հաղթենք: Բավական չէ պարզապես շատ աշխատել, ի վերջո պետք է նաև արդյունք ցույց տալ»:
Հատկանշական է, որ Լատվիայի հավաքականի հայտացուցակում է հայտնվել հայազգի ֆուտբոլիստ Ալբերտ Ալեքսանյանը։ Խոսելով նրա մասին՝ Նիկոլատոն նշել է, որ երիտասարդ խաղացողը կարող է լուծել թիմի հարձակման գծի խնդիրները.
«Ալեքսանյանն այժմ շատ ավելի պատրաստ է ազգային հավաքականին, քան Մ-21 թիմի մյուս տղաները։ Նա ակումբում հանդես է գալիս որպես եզրային կիսապաշտպան, սակայն ես կարծում եմ, որ կարող է խաղալ նաև հարձակման գծում, քանի որ բարձրահասակ է: Մենք պետք է մտածենք ներկայի մասին. նա արդեն գրեթե պատրաստ է օգնել գլխավոր թիմին և լավ ֆուտբոլ է ցուցադրում»:
Անդրադառնալով ընդհանուր կադրային խնդիրներին՝ Լատվիայի ընտրանու գլխավոր մարզիչը հավելել է, որ երկրում կենտրոնական կիսապաշտպանների լուրջ ճգնաժամ կա։ Նրա խոսքով՝ հավաքական հրավիրված հինգ կենտրոնական կիսապաշտպաններից մի քանիսն ընդհանրապես խաղային պրակտիկա չունեն, իսկ մյուսները հանդես են գալիս ցածր լիգաներում կամ այլ դիրքերում.
«Այս երկիրը պարզապես կենտրոնական կիսապաշտպաններ չի արտադրում»,- մասնագետի խոսքն է մեջբերում Sporta Centrs-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Լատվիայի միջև հանդիպումը կկայանա սեպտեմբերի 25-ին, 20։00-ին։




























































