Դեկտեմբերի 27-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել Է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:
Նիստի առաջին հարցը նվիրված էր 2022/2023թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխման գործընթացի կազմակերպմանը:
ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշել Է ՀՖՖ-ին հասանելիք ընդհանուր 1 միլիոն 355 հազար եվրո գումարը բաշխել IDBank Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից 15 ակումբների միջև անհավասարաչափ (տոկոսային հարաբերակցությամբ)՝ համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին կայացած ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստում հաստատված չափորոշիչներիի:
Համաձայն ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված պահանջների, համերաշխության վճարները չեն բաշխվում տվյալ մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խմբային փուլին մասնակցած ակումբներին։ Այս պարագայում, 2022/2023թթ ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարներից անմասն կմնա 2022/2023թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին մասնակցած «Փյունիկը», ինչպես 2021/2022թթ. մրցաշրջանում՝ «Ալաշկերտը»:
Օրակարգի երկրորդ հարցով քննարկվել է հաջորդ՝ 2023/2024թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխման կարգի փոփոխությունը, որի արդյունքում սահմանվել են ստորև ներկայացվող չափորոշիչները՝
1. Առաջին խմբի առաջնության ակումբների գումարային մասնաբաժինը պետք է կազմի ընդհանուր գումարի նվազագույնը 10%-ը և ոչ ավել քան 15%-ը։
2. ID Bank Պրեմիեր լիգայի մասնակից ակումբների միջև գումարների բաշխման արդյունքում ամենաշատ գումար ստացող և ամենաքիչ գումար ստացող թիմերի հասանելիք գումարների տարբերությունը չի կարող գերազանցել ամենաշատ գումար ստացող թիմի գումարի 50%-ը:
3. Որոշվել է 2023/2024թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները բաշխել հետևյալ չափանիշներով՝
- ՀՖՖ կողմից կազմակերպվող մանկապատանեկան մրցաշարերին մասնակցող թիմերի քանակ – ոչ ավել քան 30%
- Ակումբի ակադեմիայի կամ ֆուտբոլային ենթակառուցվածքի առկայություն – ոչ ավել քան 20%
- Մարզային ակումբ – ոչ ավել քան 20%
- Ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի առկայություն և այդ ծրագրի համապատասխանելիություն ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման Ազգային ծրագրին – ոչ ավել քան 30%