Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և իտալական Macron ընկերությունը երկարաձգել են համագործակցությունը մինչև 2029 թվականը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Անդրադառնալով Macron ընկերության հետ նոր պայմանագրի ստորագրմանը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է. «Շատ ուրախ ենք Macron ընկերության հետ նոր պայմանագրի ստորագրման մասին հայտարարելու կապակցությամբ: Մեր համագործակցության արդյունավետությունն արդեն մի քանի տարվա պատմություն ունի: Վստահ ենք, որ միասին կկարողանանք հասնել նոր հաջողությունների»:
Macron ընկերության գործադիր տնօրեն Ջանլուկա Պավանելոն իր հերթին նշել է, որ իրենք ուրախ են շարունակելու հարաբերությունները, որոնք աճել և ամրապնդվել են տարիների ընթացքում: «Սա գործընկերություն է՝ հիմնված բարեկամության, փոխադարձ հարգանքի և սպորտային հիմնարար արժեքների վրա: Ճանապարհ, որով պետք է անցնել փոխադարձ գոհունակությամբ ՝ ստեղծելով տեխնիկական և դիզայներական բարձր մակարդակի հագուստ, որը լավագույնս է արտացոլում Հայաստանի ազգային հավաքականի անհատականությունը»,-ավելացրել է Պավանելոն: