Մալթայի «Տա-Կալի» մարզադաշտում կայացել է ՈՒԵՖԱ-ի մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2023 թվականի առաջնության եզրափակիչը, որում Իտալիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթանակ է տարել Պորտուգալիայի նկատմամբ:
Եզրափակչում իտալացիները 19-րդ րոպեին պաշտպան Միքայել Կայոդեի դիպուկ հարվածի շնորհիվ բացել են խաղի հաշիվը։ Մինչև եզրափակիչ սուլիչը թիմերն այլևս գոլ չեն խփել ու հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ Իտալիայի։
Այս թիմերն արդեն հանդիպել էին խմբային փուլում։ Այդ ժամանակ Պորտուգալիան 5։1 հաշվով հաղթել էր իտալացիներին։
Վերջին անգամ Իտալիայի ընտրանին Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող էր ճանաչվել ուղիղ 20 տարի առաջ՝ հաղթելով դարձյալ պորտուգալացիներին, սակայն 3։1 հաշվով։ Այդ հաջողությունից հետո թիմը երեք անգամ դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ, սակայն այդպես էլ հաղթանակի հասնել չի կարողացել:























































