Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց Ալբանիան ներկայացնող «Էգնատիայի» հետ։
Հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ տանտերերի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ամփոփել է հանդիպումը։
«Որևէ նոր բան չկա ձեզ ասելու։ Ի՞նչ առումով, որովհետև, եթե հիշում եք նախախաղային ասուլիսին ասեցի, որ այս պահին ինչ-որ տեսնում ենք մեզ գոհացնում է։ Իհարկե, սա այն չէ, ինչ մենք ուզում ենք տեսնել, բայց բնական է, որ 3 շաբաթում կատարած աշխատանքն առայժմ այսքան է բավականացնում։
Փոխարինումները 2-րդ կեսում ավելի շատ եղան հարկադրաբար, ոչ թե տակտիկական առումով։ Տարբեր վնասվածքներ եղան, հոգնածություն կար։ Ճիշտ է, միշտ ցավալի է վերջին րոպեին գոլ բաց թողնելը, բայց համարում եմ, որ դեռ շանսերը 50/50 են։
Մեր մոտ սելեկցիան դեռ ավարտված չէ։ Այն, որ մենք պետք է փոխենք 2-րդ կեսում, մեզ չի բավականացնում։ Նորից կրկնեմ, որ փոխարինում եղան ստիպված։
Բնական է, այս պահին մենք չենք կարող ֆիզիկապես լավը լինել։ Բալկանյան թիմերը հենց դրանով առավելություն ունեն։ Իհարկե, մենք ունեցանք նաև սխալներ, բայց այն ընդհանուր պատկերը, որը ես ցանկանում եմ տեսնել, թեկուզ դրվագներով՝ հատկապես 1-ին կեսում, դա ես տեսել եմ։
Մեր 2 նորեկները որակապես լավ ֆուտբոլիստներ են։ Ես տեսնում եմ, որ նրանց հարցում մենք չենք սխալվել։ Այս պահին մենք արեցինք մեր առավելագույնը։
Պատասխան խաղում փոփոխություն կունենանք կազմում, տակտիկայում։ Շանսերը 50/50 են։ Մրցակիցն իրոք լավ թիմ է։ Կփորձենք հասկանալ, թե ինչի հաշվին մենք կարող ենք անցնել հաջորդ փուլ։
»,- ասել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը։
Թիմերի պատասխան խաղը կկայանա հուլիսի 20-ին՝ Ալբանիայում։