Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» — «Նարվա Տրանս» խաղից առաջ տեղի ունեցավ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը։
«Մենք լավ պատրաստվել ենք այս խաղին։ Վերլուծել ենք մրցակցին ու գիտենք, թե ում հետ գործ ունենք։ Տղաների տրամադրությունը մարտական է։ Կա վստահություն, ու մենք հավատում ենք։ Հեշտ չի լինելու, քանի որ վտանգավոր թիմ է, և մեզ պետք է շատ լուրջ տրամադրվել այս խաղին։ Մեր մրցակցի մարզիչը նոր է, և նայել ենք իրենց վերջին խաղերն ու դրանով ենք փորձել գտնել հակախաղը։ Մեր սելեկցիայից այդքան էլ գոհ չեմ, չնայած նրան, որ այդ մասնակիցներից մեկը ես եմ եղել։ Չեմ դժգոհում, մենք չենք թուլացել։ Միշտ էլ կուզեմ, որ ավելի ուժեղ կազմ ունենանք, բայց այս կազմն էլ է պատրաստ խաղալու։ Չեմ կարծում, որ վաղվա խաղում մեզ կօգնեն նորեկները։ Ունենք որակով ֆուտբոլիստներ, որոնք լավ մարզավիճակում չեն։ Աստիճանաբար կգան լավ մարզավիճակի ու մեզ օգտակար կլինեն։ Վաղվա խաղում համարում եմ, որ մեր շանսերը շատ են, բայց պետք է օգտագործենք։ Եթե աշխատի մեր պլանը, ուրեմն կհաղթենք։ Մնում է, որ մեր պլանը ֆուտբոլիստներն իրագործեն խաղադաշտում»։
«Փյունիկ» — «Նարվա Տրանս» խաղը տեղի կունենա հուլիսի 12-ին Աբովյանի մարզադաշտում ու կսկսվի 19։00-ին։