Չեմպիոնների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հետ։
Հուլիսի 11-ին սպասվող առաջին հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն պատասխանել է լրագրողների հարցերին։
«Այո, գիտենք, որ «Զրինսկին» հաղթել է առաջնությունում 20 միավորի տարբերությամբ։ Մենք վերլուծել ենք մրցակցին։ Մենք հասկանում ենք, թե ինչ իրավիճակներ կարող են վաղը լինել խաղադաշտում։ Մենք մարզումային պրոցեսում լավ աշխատանք ենք կատարել։ Հասկանում ենք, որ վաղը ցածր բլոկով կարող ենք պաշտպանվել։ Մենք պետք է մեր ուժը ցուցադրենք և թույլ չտանք, որ մրցակիցն օգտագործի իր ուժեղ կողմերը։
Այո, մենք այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացրել ենք թիմի կազմը։ Հարձակողական ոճի կիսապաշտպան Էդուարդոն է միացել մեր թիմին։ Նա խաղացել է Պորտուգալիայում, Բրազիլիայում, շատ փորձառու ֆուտբոլիստ է։ Մեզ է միացել նաև Մաքսիմենկոն, որը հայտնի է Ռուսաստանի առաջնությունում իր ելույթներով։
Ուժեղացրել ենք նաև պաշտպանական գիծը։ Պերիշան է միացել մեզ։ Կարողացել ենք հայկական մյուս թիմերից առաջ անցնել և ձեռք բերել Միքայել Միրզոյանին։
Վնասվածքներից լիովին ապաքինվել է Յայա Սանոգոն։ Ինչպես նաև թիմին է միացել Պավել Մագիլևեցը, որը 4 խաղ է անցկացրել Ռուսաստանի հավաքականի կազմում։ Նա 2 ընկերական խաղի է մասնակցել մեր թիմի կազմում»,- ասել է 47-ամյա մասնագետը։
«Ուրարտու» — «Զրինսկի» առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 11-ին, «Ուրարտու» ստադիոնում։ Խաղի սկիզբը՝ 19։00։