Բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն, 92 կգ քաշային Դավիթ Չալոյանը Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում դուրս է եկել քառորդ եզրափակիչ՝ 1/8 եզրափակչում երեք ռաունդների արդյունքներով 5-0 հաշվով փայլուն հաղթանակ տանելով չեխ Մարտին Պինչի նկատմամբ:
Հիշեցնենք՝ 1/16 եզրափակչում 25-ամյա գյումրեցի բռնցքամարտիկը մենամարտել է Սերբիան ներկայացնող Վլադան Բաբիչի հետ և ունենալով նկատելի առավելություն` հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5-0:
Չալոյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի բրիտանացի մարզիկի հետ: Հաղթանակի դեպքում Չալոյանն առնվազն բրոնզե մեդալ կապահովի, իսկ օլիմպիական ուղեգիրը ձեռք կբերի, եթե դուրս գա եզրափակիչ:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքով՝ կարևորը հաղթանակն էր այս մենամարտում:
«Աշխատելու և շտկելու շատ բան կա: Ավելի ուշադիր պետք է լինի: Հարվածներ բաց թողեց, որոնք վտանգավոր են: Էյֆորիայի մեջ ընկնել պետք չէ: Վաղը շատ բարդ մենամարտ է սպասվում: Մրցակիցներին մենք չենք ընտրում. պետք է ամեն ինչ անենք հաղթանակի հասնելու համար»,-ասել է Կարեն Աղամալյանը: