Հունահռոմեական ոճի ըմբիշ, 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դուրս է եկելԻսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ:
Աղաջանյանը ԵԱ-ի կիսաեզրափակչում 8-1 հաշվով առավելության է հասել լեհ Տոմաշ Սկրիպչակայի նկատմամբ: Նա պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Իսրայելը ներկայացնող Մելկամ Ֆետենեի նկատմամբ, ապա քառորդ եզրափակիչում 8-3 հաշվով հաղթել է ուկրաինացի Դանիիլ Բիտկային:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: 67 կգ քաշայիների որակավորման փուլում նա մեկնարկում 5-0 հաշվով հաղթել է ռումինացի Լեոնարդ Պետրուին, 1/8 եզրափակչում 8-0 հաշվով առավելության է հասել Չեխիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 7-1 հաշվով առավելության է հասել ֆին ըմբիշի նկատմամբ: Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում Տերտերյանը գոտեմարտել է թուրք Ազատ Սարիյարի հետ և ցավալի պարտություն կրել:
Այսօր մրցագորգ է դուրս եկել նաև Աշոտ Խաչատրյանը (72 կգ), որը, սակայն, հենց մեկնարկում 1-5 հաշվով զիջել է Շվեդիայի ներկայացուցչին և լքել պայքարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հին աշխարհամասի առաջնության հաղթողի տիտղոսի համար կպայքարեն 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանն ու 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, որոնք արդեն իսկ դուրս են եկել երիտասարդական ԵԱ-ի եզրափակիչ: Եզրափակչում Հովեյանը կգոտեմարտի Մոլդովան ներկայացնող Վիտալի Երոմիենկոյի, իսկ Նազարյանը ոսկե մեդալի համար կգոտեմարտի Վրաստանի ներկայացուցիչ Աչիկո Բոլկվաձեի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը մեկնարկում տարած երկու հաղթանակներից հետո կիսաեզրափակչում զիջել է Ադրբեջանի ներկայացուցչին և կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում նրա մրցակիցը կլինի թուրք Մուհամեդ Չակիրը: