«Այաքսի» դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգը մրցաշրջանի ավարտից հետո կավարտի կարիերան։ Այս մասին հայտնում է ամստերդամյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ստեկելենբուրգը «Այաքսի» սան է։ Նա թիմում խաղացել է ինը տարի (2002-ից 2011 թվականներին)։ 2020 թվականին նա կրկին միացավ ամստերդամյան ակումբին, որտեղ անցկացրեց ևս երեք մրցաշրջան։
Հաղորդվում է, որ 40-ամյա դարպասապահը կիրակի օրը՝ մայիսի 21-ին, «Ուտրեխտի» հետ առաջնության խաղում կարող է հրաժեշտ տալ երկրպագուներին տնային մարզադաշտում։
Թիմի կազմում նա հինգ անգամ հաղթել է Նիդերլանդների առաջնությունը, ինչպես նաև չորս անգամ բարձրացրել երկրի գավաթը և սուպերգավաթը։
Դարպասապահը նաև 17 տարվա ընթացքում (2004-ից 2021 թվականներին) 63 հանդիպում է անցկացրել Նիդերլանդների հավաքականի կազմում: Ստեկելենբուրգը 2010 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի առաջին համարն էր։ Այնուհետեւ նարինջներին հաջողվեց դուրս գալ եզրափակիչ, որի ժամաանակ 0:1 հաշվով պարտվեցին իսպանացիներին։
40-ամյա Ստեկելենբուրգն այս մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել միայն «Այաքսի» ընկերական խաղերում։
























































