«Արսենալի» ավագ Մարտին Էդեգորը գնահատել է իր թիմի՝ Պրեմիեր լիգայում հաղթելու հնարավորությունները և մեկնաբանել 36-րդ տուրի խաղում «Բրայթոնից» կրած պարտությունը (0-3).
«Այո, ճիշտն ասած, դժվար կլինի, եկեք իրատես լինենք։ Չեմ կարծում, որ «Մանչեսթեր Սիթին» շատ սխալներ թույլ կտա առաջիկա խաղերում: Մենք պարզապես պետք է վերադառնանք խաղադաշտ և լավ ավարտենք մրցաշրջանը: Կարծում եմ՝ բոլորն են դրան արժանի, հատկապես՝ երկրպագուները։
Մենք լավ խաղացինք առաջին խաղակեսում, բարձր ճնշում գործադրեցինք և կարողացանք մի քանի գոլային պահ ստեղծել: Բայց ընդմիջումից հետո խաղը մի փոքր փոխվեց, երբ մրցակիցը սկսեց ավելի հստակ գործել, նրաց մոտ ամեն ինչ չափազանց հեշտ ստացվեց։ Հիմա չգիտեմ՝ ինչու էր այդպես, ես պատասխաններ չունեմ։ Մենք շատ բաներ լավ արեցինք, բայց այս պահին մենք պարզապես հիասթափված ենք այն բանից, թե ինչպես ավարտվեց հանդիպումը: Հիասթափությունը լավ նշան է, մենք պետք է շարունակենք աճել ու կատարելագործվել»,- Էդեգորի խոսքերն է մեջբերում BBC-ն:
«Արսենալը» 81 միավորով երկրորդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։ «Մանչեսթեր Սիթին» առաջատարն է՝ 4 միավորով գերազանցելով լոնդոնցիներին և մեկ հանդիպում էլ դեռ քիչ է անցկացրել։ «Բրայթոնը» 58 միավորով վեցերորդ տեղում է։
























































