Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելին, ով այժմ հանդես է գալիս Շվեյցարիայի առաջնությունում «Սիոնի» կազմում, կարող է տեղափոխվել Ռումինիա։
Ըստ Tuttomercatoweb-ի, ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է Բուխարեստի «Ռապիդը»:
Բալոտելիի հետ բանակցությունները վարում է ռումինական թիմի գլխավոր մարզիչ Ադրիան Մուտուն։ Եթե կողմերը պայմանավորվեն, ապա գործարքը կձևակերպվի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Այս մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը Շվեյցարիայում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ (3-ը՝ 11 մետրանոցներից) և ստանալով ինը դեղին քարտ։
Մարիոյի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է երկու միլիոն եվրո։
























































