Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը մրցահարթակ դուրս եկան 81 կգ քաշային ծանրորդները, որտեղ Հայաստանը ներկայացնող Ռաֆիկ Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Պոկում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչն առաջին մոտեցման համար պատվիրել էր 150 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել: Երկրորդ մոտեցմամբ Հարությունյանը բարձրացրեց նույն քաշն ունեցող ծանրաձողը: Երրորդ մոտեցմամբ Հարությունյանը չկարողացավ բարձրացնել 156 կգ քաշ ունեցող ծանրաձողը ու պոկում վարժությունում գրավեց 4-րդ տեղը 150 կգ արդյունքով: Այս վարժությունում առաջին տեղը գրավեց իտալացի Օսկար Մարտինեսը՝ 155 կգ արդյունքով: Երկրորդ տեղը գրավեց թուրքիայի ներկայացուցիչը, իսկ երրորդ տեղը՝ Ավստրիան ներկայացնող հայ ծանրորդ Հմայակ Միսակյանը:
Հրում վարժությունում Հարությունյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 183 կգ-անոց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը բարձրացրեց 187 կգ-անոց ծանրաձողը, իսկ 3-րդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 190 կգ-անոց ծանրաձողն ու երկարամարտում գրավեց 3-րդ տեղը: Հարությունյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում:
Այս քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց իտալացի Օսկար Մարտինեսը, ով հրաժարվեց հրում վարժության երկրորդ ու երրորդ մոտեցումներից:
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմն արդեն նվաճել է 2 մեդալ երկամարտում: 67 կգ քաշային կարգում հավասարը չի ունեցել Գոռ Սահակյանը՝ փոքր ոսկե մեդալներ նվաճելով պոկում և հրում վարժություններում:
Կանանց 55 կգ քաշային կարգում Իզաբելա Յայլյանը դարձել է բրոնզե մեդալակիր: