Ռումինիան ներկայացնող ծանրորդ Անդրեա Կոտրուտան Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության ժամանակ կորցրել է գիտակցությունը, ինչը, սակայն, նրան չի խանգարել ոսկե մեդալ նվաճել։
Կոտրուտան 55 կգ քաշային կարգում հրում վարժությունում իր երկրորդ փորձի ժամանակ գիտակցությունը կորցնելուց հետո ընկել է մեջքի վրա։ Նրա մոտ շտապել է հերթապահ բժիշկը, սակայն ռումինուհին շուտով ոտքի է կանգնել։
«Ես պարզապես չգիտեմ, թե ինչ է պատահել ինձ հետ», — ծանրորդուհու խոսքերն է մեջբերում Inside the Games-ը: «Ես տեսա հրեշտակներ, տեսա մարդկանց, ովքեր թռչում էին դահլիճի շուրջը, և ես ընկա»:
Կոտրուտին ընդամենը մեկ րոպե ուներ վերականգնվելու մինչև վերջին փորձը: 19-ամյա մարզուհու խոսքով՝ ինքը սենյակում ջուր է խմել, իսկ մարզիչն իրեն ուշքի է բերել։
Վերջին փորձի ժամանակ նա կարողացավ բարձրացնել 110 կգ կշռող ծանրաձողը և ընդհանուր 210 կգ արդյունքով դառնալ Եվրոպայի չեմպիոն։ «Ես ինքս ինձ ասացի, որ չեմ ձախողվի և կանեմ դա»,- ասել է ռումինացին։
Շաբաթ օրը Եվրոպայի առաջնության ժամանակ գիտակցությունը կորցրել էր նաև թուրք ծանրորդուհին։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ից ապրիլի 23-ը Երևանում անցկացվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։