Նաբի Կեյտան և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը այս մրցաշրջանի ավարտից հետո կլքեն «Լիվերպուլը» ազատ գործակալի կարգավիճակով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ֆուտբոլիստների հետ պայմանագրերը չերկարաձգելու որոշումը կայացվել է դեռ նոյեմբերին, և չնայած երկար բանակցություններին, մերսիսայդցիների ղեկավարությունը չփոխեց իր որոշումը։ Իտալացի լրագրողը հայտնել է, որ Կեյտան արդեն շատ տարբերակներ է դիտարկում կարիերան շարունակելու համար։
Բացի այդ, Արտուր Մելոն ևս չի մնա անգլիական ակումբում և վարձավճարի ավարտից հետո կվերադառնա «Յուվենտուս»։
Նաբի Կեյտան «Լիվերպուլ» է տեղափոխվել 2018 թվականին գերմանական «ՌԲ Լայպցիգից» 60 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում 28-ամյա գվինեացին մերսիսայդցիների կազմում 13 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2017 թվականին «Արսենալից»՝ 38 միլիոն եվրոյի դիմաց: 2022/23 մրցաշրջանում 29-ամյա անգլիացին մասնակցել է 13 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ։
26-ամյա Մելոն այս մրցաշրջանում մասնակցել է մեկ հանդիպման՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Նապոլիի» դեմ խաղին (1-4): Նա նաև երեք հանդիպման է մասնակցել մերսիսայդցիների երիտասարդական թիմի կազմում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
























































