Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մեկնարկել է կանանց անհատական Եվրոպայի 23-րդ առաջնությունը։
Կայացել է 2-րդ խաղափուլը: Նշենք, որ մրցաշարին մասնակցում է Հայաստանի 6 ներկայացուցիչ։
Մրցաշարը հաղթանակով մեկնարկած մեր 3 շախմատիստուհիներից այս անգամ հաջողության է հասել միայն Մարիամ Մկրտչյանը․ նա հաղթել է ուկրաինացի Իրինա Պետրովային։ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է ավարտել բուլղարացի Վիկտորիա Ռադևայի հետ պարտիան, իսկ Պոլինա Կոբակը պարտվել է իսպանացի Մարթա Գարսիային:
Աննա Սարգսյանը, որը պարտությամբ էր մեկնարկել առաջնությունում, այս փուլում հաղթել է վրացի Նիա Դոնղվանիին: Հաղթանակ է տարել նաև Էլինա Դանիելյանը․ նրա մրցակիցը ավստրիացի Անիկա Ֆրևիսն էր: Սուսաննա Գաբոյանը զիջել է էստոնացի Մայ Նարվայի հետ պայքարում:
Այս խաղափուլից հետո հետո Մարիամ Մկրտչյանը 2 միավորով առաջատարների շարքում է: Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը վաստակել են 1,5-ական միավոր, Աննա Սարգսյանն ու Պոլինա Կոբակը՝ 1-ական, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ կես միավոր։
3-րդ տուրի մրցախաղերը կկայանան վաղը՝ մարտի 20-ին։